Վլադիմիր Վարդանյան «Ինքնանկար» |
Վլադիմիր Վարդանյանը ծնվել է 1929թ.
Թբիլիսիում: Ստեղծագործական առաջին քայլերի ոգևորողը եղել է վրացի արվեստագետ Մոսե
Տոիձեն: Ուսումն սկսել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում, տեղափոխվելով
Հյաստան՝շարունակել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: ՍՍՀՄ
նկարիչների միության ու ՀՀ Նկարիչների
միության անդամ էր:
Ցուցահանդեսի ժամանակային ընդգրկումը բավականին լայն է, որը
հնարավորություն է տալիս ակնառու կերպով տեսնելու նկարչի որոնումները` Լույսի
գույնի որոնումները:
Ներկայացված են 40-ից
ավել ստեղծագործություններ, որից 3-ը կերպարվեստի թանգարանի հավաքածուից: Դրանցում
երևում է նկարչի ոչ միայն ժանրային, այլև ոճային նախապատվությունը: Ամուր
քսվածքներ, հստակ կոլորիտ ու... գրեթե աբստրահարման հասնող գույների ու «երանգների
հրավառություն», ոճային փոխակերպումներ:
Հետևելով Վ.
Վարդանյանի ձեռագրին՝ ակնհայտ է, որ
նկարիչն իր փնտրտուքներում անընդհատ առնչվել է ավանդական ու նոր գեղանկարչական
միտումներին՝ միաժամանակ հարազատ մնալով իր մարդկային համեստ, անխռով ու անկաշկանդ
տեսակին: Չկա տեսածի սառը, անզգա վերարտադրություն . ամեն ինչում նրա նուրբ
հուզական վերաբերմունքն է: Գեղանկարիչը չի սահմանափակվել որևէ -իզմի էսթետիկ
տարածքում: Առկա է նաև հոգեկան ներքին անհրաժեշտության գործոնը, գույնի ու ձևի ի՛ր
պոեզիան:
Այսօր գեղանկարչի
ստեղծագործությունները համալրում են Հայաստանի ու արտասահմանյան բազմաթիվ մասնավոր
ու պետական հավաքածուներ:
Զավակների ցանկությամբ՝ երկու աշխատանք՝ «Հայր Սուրբը» և
«Բանաստեղծ Բեկչյանի դիմանկարը», մշտական պահպանության նվիրաբերվեցին Վանաձորի
կերպարվեստի թանգարանին՝ համալրելով գեղանկարչի՝ թանգարանում արդեն առկա
աշխատանքների շարքը: