четверг, 7 сентября 2017 г.

Մոզես Տատիկը




Պրիմիտիվ արվեստը (լատիներեն primitivus – առաջին, ամենավաղ) 19-20-րդ դդ ոչ պրոֆեսիոնալ նկարիչների արվեստի ընդհանուր անվանումն է: Այն առանձնանում է իր պարզությամբ, հստակությամբ ու ձևական անմիջականությամբ: Քանի որ ռուսերենում պրիմիտիվ բառը բացսական նշանակություն ունի, Ռուսաստանում տարածվեց նրա մեկ այլ անվանում` նաիվ արվեստ:
Մոզես տատիկն ամերիկյան պրիմիտիվիզմի ակնառու ներկայացուցիրներից է (իսկական անունը` Աննա Մերի Մոզես)
1860-1961
Մարդկային կյանքի ամենամեծ ուրախություններից մեկն այն բանի գիտակցությունն է, որ գտել ես քո տեղը, այն աշխատանքը, որը հենց քեզ համար է և որին տրվում ես ամբողջ հոգով: Երջանիկ են այն մարդիկ, ովքեր ամբողջությամբ ձուլվում են իրենց աշխատանքին և այդ ընթացքում չես կարող հասկանալ` որտեղ է վերջանում աշխատանքը, որտեղ սկսվում հաճույքը:

Երբ Մոզես տատիկը դեռ երեխա էր ֆերմերների ընտանիքից, երազում էր նկարել, բայց հարազատներն ու ընկերները համոզում էին, որ դա հիմարություն է: Պնդում էին, որ նա պետք է ամուսնանա ֆերմերի հետ ու զբաղվի երեխաների դաստիարակությամբ: Արդյունքում` Աննան հետևում է նրանց խորհրդին ու հրաժարվում իր երազանքից: 70 տարեկան էր, երբ կորցնում է ամուսնուն: Երեխաներն արդեն մեծ էին և իրենց երեխաներին էին մեծացնում: Բժշկի պնդումը, որ առողջությունը թույլ չի տա այլևս զբաղվել ֆերմայի գորեծորվ, Աննային հուսահատության գիրկն է նետում: Եվ հենց այդ ժամանակ էլ որոշում է վերադառնալ մանկական երազանքին` նկարել: Աննան նկարում էր ու նվիրում հարազատներին, ովքեր ժպիտով էին ընդունում հասարակ, ծեր կնոջ նվերը: Բայց տեղի է ունենում անկանխատեսելին. ծանոթ դեղատներից մեկում կախված նկարը գրավում է հայտնի հավաքորդ Լուիս Կալդորի ուշադրությունը: Իմանալով տատիկի բնակության տեղը, առանց ժամանակ կորցնելու գտնում է նրան ու 200 դոլարով գնում 14 կտավ` հեռանալուց առաջ խոստանալով, որ նրան հատնի է դարձնելու:
Հասարակությանը զարմացնում էր ոչ այնքան նրա նկարները, որքան ինքը` նկարչուհին, ում լրագրողները կոչում էին Մոզես տատիկ: Նա առաջին անգամ վրձին է վերցնում իր ձեռքը այն տարիքում, երբ այլև կյանքից սպասելիքներ չեն լինում. սկսնակ նկարչուհին 75 տարեկան էր: Իր առաջին նկարը Մոզես տատիկն ավարտում է 78 տարեկանում: Արդեն 80 տարեկանում Մոզես տատիկը իր առաջին ցուցահանդեսն է բացում, իսկ 101 տարեկանում նյույորքյան հայտնի պատկերասրահներից մեկը կազմակերպում է նրա աշխատանքների վերնիսաժը: Վերջին 10 տարիների ընթացքում ստեղծված գործերը վաճառվում են ավելի քան 100.000 դոլարով յուրաքանչյուրը: Հետաքրքիրն այն էր, որ Աննային մանկուց ասում էին, որ գեղանկարչությամբ զբաղվելն անիմաստ է, քանի որ շատ թանկ հաճույք է, բայց պարզվեց, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում նա իր նկարներով վաստակեց ավելին, քանի ամուսնու հետ ամբողջ կյանքի ընթացքում:
Նրա ծննդյան օրերը տոնվում էին «TIME» , «LIFE» հայտնի ամսագրերում, իսկ հարյուրամյակը Նյու Յորքի նահանգի համընդհանուր տոնախմբությունը դարձավ: Նահանգապետ Նելսոն Ռոքֆելլերը1960թ. սեպտեմբերի 7-ը հայտարարում է «Մոզես տատիկի օր»: Նախագահ Թրումենը անձամբ հրավեր է ուղարկում Սպիտակ տուն:
Նույնիսկ ինքնագովազդի մեծ վարպետ Էնդի Ուորխոլը չէր կարող պարծենալ հասարակության նման ուշադրությամբ: Մոզեսը առանց որևէ ջանքի դարձավ 20-րդ դարի ամենահայտնի ամերիկացի նկարչուհին: Նրա նկարները տպագրվում են դրոշմանիշների, բացիկների, սպասքի վրա: 1950թ. նրա մասին փաստագրական ֆիլմ է նկարվում և ներկայացվում Օսկարի: 1952թ. լույս է տեսնում նրա ինքնակենսագրականը:
Մի քննադատ նրա մասին գրել է. «Նրա նկարների հրապույրը այնպիսի կյանքի պատկերման մեջ է, որի գոյությանը ամերիկացիներն այնքան հավատում են, բայց որն իրականում չկա»:
Մոզեսի գյուղական պաստորալները, ամերիկացի ֆերմերների կյանքի գեղեցկությունը, իրավամբ արժանի են արվեստի պատմության մեջ տեղ ունենալ:



















вторник, 5 сентября 2017 г.

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ Է...
Մորիս Կանտեն դե Լատուր
1704-1788
Ֆրանսիացի նշանավոր նկարիչ, պաստելի վարպետ, 18-րդ դարի անվանի դիմանկարիչներից մեկը: Նկարում էր ինչպես մոնումենտալ դիմանկարներ, որոնցում բնորդը պատկերված էր ամբողջ հասակով մեկ, այնպես էլ կամերային դիմանկարներ` մինչև գոտկատեղը:
Սովորաբար կատարում էր արքայի, թագավորական ընտանիքի, հարուստ բուրժուազիայի պատվերները, նաև` գրական, գեղարվեստական ու թատերական շրջանակների ներկայացուցիչների դիմանկարները: Նկարչի գեղարվեստական ժառանգությունն հաշվվում է ավելի քան 1200 ստեղծագործություններ: Սովորել է Սեն Կանտենում, այնուհետ` Փարիզում` Կ. Դյուպշուայի, Ժ. Սպուդի և Ժ Ռեստուի մոտ: 1737թ. Լատուրն ընդունվում է Թագավորական գեղանկարչության ու քանդակագործրության ակադեմիան, և սկսած այդ ժամանակից, պարբերաբար ցուցադրվում Փարիզյան Սալոնում:
19 տարեկանում հաստատվում է Փարիզում: Մի քանի տարի անց, արժանանալով ֆրանսիական արքունիքում անգլիական դեսպանի բարեհոգությանը, նրա հետ մեկնում է Եգիպտոս, իսկ Փարիզ վերադառնում է բավականին ունեցվածքով ու պատվավոր «անգլիացի գեղանկարչի» համբավով:
Որոշ ժամանակ զբաղվում է ինքնակատարելագործմամբ, և պաստելի բնագավառում հասանում այնպիսի վարպետության, որին դեռ չէր հասել իր ժամանակակիցներից և ոչ մեկը: 1746թ. դառնում է Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1750թ.արժանանում թագավորական նկարչի կոչմանն ու իրավունք ստանում նկարելու Լյուդովիկոս 15-րդի ֆավորիտ մարկիզա դե Պոմպադուրի դիմանկարը, որը ցուցադրվում է 1755թ. փարիզյան Սալոնում: Անվանի մարդկանց դիմանկարներում դե Լատուրը սովորաբար դիմում էր իդեալականացմանը և ընդգծում էր դիմանկարվողի սոցիալական բարձր ծագումը: Ի տարբերություն դրան, ընկերների ու մտերիմների դիմանկարներն արված են ջերմությամբ և առանձնանում են ավելի շատ բուռն պատկերման եղանակով («Քանդակագործ Ռենե Ֆրեմենի դիմանկարը», «Շարդենի դիմանկարը»...):
Հետաքրքիր են դե Լատուրի ինքնադիմանկարների այսպես կոչված «շտուդիաները», որոնք զարմացնում են վիրտուոզ տեխնիկայով, երևակայությամբ ու գյուտարարությամբ («Ինքնադիմանկար ցուցամատով»): Լատուրը շատ էր ուսումնասիրում մարդկային դեմքը և հաճախ այն պատկերում էր առանձին, առանց որևէ կոնտեքստի, դիմակի պես:
Խորաթափանց ու նրբանկատ նկարիչը կարողանում էր փոխացնել ոչ միայն բնորդի արտաքինի ինքնօրինակ անհատականությունը, այլև նրա բնավորությունը, զգայական վիճակը: Հրաշալիորեն պատկերել է միմիկան, աչքերի կենդանի փայլը և ընդգծված ժպիտը: Վաղ աշխատանքներին բնորոշ է կենցաղային պատմողականությունը, հասուն տարիքում Լատուրը ձգտում է պարզության, խստության, ընդհանրացվածության: Նկարչի արվեստի անբաժանելի մասն են կազմում այսպես կոչված preparations` նախապատրաստական էսքիզները, որոնք իրենց ձևային ու կերպարային ամբողջականությամբ ինքնուրույն գեղարվեստական արժեք ունեն:
Ժամանակակիցները նշում են, որ Լատուրը բնորդներին ստիպում էր ժամերով դիրք ընդունել, նշանակում էր բազմանգամյա սեանսներ, այդ իսկ պատճառով անհամբեր պատվիրատուները նախընտրում էին դիմել Նատտյեին, ով բավականին արագ էր նկարում: Հպարտ, անկախ ու չխոնարհվող Լատուրը ստիպում էր իր հարուստ մեցենատներին հարգել աշխատանքը և նկարչի արժանապատվությունը: Հայտնի է, որ իր պաստելների համար մեծ գումար էր պահանջում` ասելով, որ «հարուստները պետք է վճարեն նաև աղքատների փոխարեն»: Իսկ ինքը հաճախ մեծ գումարներ էր փոխանցում իր հարազատ քաղաքին` Սեն Կանտենին` բարեգործական նպատակներով` աղքատ մայրերին, ծեր արհեստավորներին, նկարչության անվճար դպրոցին, որին էլ ժառանգում է իր ստեղծագործությունների մեծ մասը:











 Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեկնարկել է «Տարվա եղանակներ» խորագրով կրթական ծրագիրը: Յուրաքանչյուր եղանակային ամիսների կներկայացվեն համ...