среда, 13 декабря 2017 г.

Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ

Հայ կերպարվեստի պատմության մեջ իրենց նշանակալի ավանդն ունեն Մարիամ և Երանուհի Ասլամազյանները:
Մարիամ Ասլամազյանի աշխատանքներում հայրենիքի թեման ծանրակշիռ տեղ է զբաղեցնում: Հայկական կենցաղն ու բնությունը, հայկական խառնվածքը մարմնավորվել են նրա և՛ կոմպոզիցիաներում, և՛ բնանկարներում ու նատյուրմորտներում, և՛ դիմանկարներում ու դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներում:
Վանաձորի կերպարվեստի թանգարանի ֆոնդային հավաքածուում պահպանվող <<Նեկտարը Լավինյայի հետ>>, <<Երկու սերունդ>> աշխատանքներն ասվածի հավաստումն են: 
<<Երկու սերունդ>> կտավում, օրինակ, պատկերված են մարդկային կյանքի տարբեր հասակներ, որոնք միմյանց և՛ հակադրվում են, և՛ լրացնում: Հակադրվում են աշխատանքի մեջ ապրած կյանքի մարդկային մեծ իմաստնությունը, որը ձախորդություններ ու հիասթափություններ է հաղթահարում, և երիտասարդությունը, որը լի է անսպառ ավյունով: Համադրություններն ու հակադրությունները կարելի է կարդալ նաև չորացած և թարմ պղպեղների հուշումով:
Ազգային գեղանկարչական ավանդույթների շնորհիվ է նկարչուհին ստեղծում իր յուրօրինակ արվեստը՝ դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիոն կտավներ, կատարում թատերական ձևավորումներ, զբաղվում խեցեգործությամբ: Նկարչուհու արվեստը գունային առումով հնչեղ է, կոմպոզիցիան պարզ, իրերն ու երևույթներն արտահայտված են խոր դիտողականությամբ: Դիմանկարի վարպետ է: Նկարչուհու արվեստի հիմքում ընկած է մարդու նկատմամբ խորը հետաքրքրությունը: Նրան հետաքրքրում են մարդու էությունը, ազգային պատկանելիությունը, խառնվածքը, կենսափորձը, էկոլոգիան ու անցած ճանապարհը, նաև տարազը: Կարողանում է միտքը դիտողին հասցնել վառ, հյութեղ գույների օգնությամբ: Դիմանկար ստեղծելիս նրան միշտ հետաքրքրում են մարդու ներաշխարհը, մտքերն ու հույզերը: Ստեղծում է հատկապես ծեր կանանց դիմանկարներ, որոնցում պատկերում է կյանքի երկար ճանապարհ անցած, տարիների փորձով իմաստնացած անհատների: <<Ես առանձնապես սիրում եմ նկարել ծեր մարդկանց: …. այդ հանգիստ դեմքերի, այդ հոգնած ձեռքերի հետևում տեսնում եմ տարբեր բնավորություններ, տարբեր ճակատագրեր: Ես տեսնում եմ աշխատանքի մեջ ապրած կյանք և մարդկային մեծ իմաստնություն, որը հաղթահարում է և՛ ձախորդությունները, և՛ հիասթափությունները>>,- նկարչուհու խոսքերն են: Բնանկարները վառ, հագեցած գույներով են ու լի են կենսասիրությամբ: Կոմպոզիցիայի կառուցումը, կատարման տեխնիկան, երանգների համադրումները, ժպտացող պայծառ գույներն ստեղծում են լուսավոր տրամադրություններ: Կտավների գույներն ասես ժպտում են, կանչում՝ դիտողի վրա թողնելով անմոռաց տպավորություն: Դա նկարչուհու ներքին էությունն է, արտահայտվելու յուրօրինակ ձևը:
Աշխարհի գունապլաստիկ սուր ընկալումով և կոմպոզիցիոն ներդաշնակ մտածողությամբ է հատկանշվում Երանուհի Ասլամազյանի արվեստը: Նրա բոլոր աշխատանքներում հաստատապես զգացվում են միայն իրեն բնորոշ առանձնահատկություններ` գծանկարի մի տեսակ անհատականորեն «կանացի» նրբագեղություն, գունային նուրբ լուծումներ, երանգախաղի անցումներ և այլն:
Պատերազմական տարիների նրա թեև ոչ ծավալուն, բայց ասելիքի ու կառուցվածքի առումով մոնումենտալ գործերում տաք գույների նահանջ է արձանագրվում: 40-ականներին ստեղծված բնանկարների և դիմանկարների վրա խոր տխրության, երբեմն էլ` աշխարհի հետ անհաշտ խստության կնիքը կա:
Հայաստանի բազմաթիվ գեղանկարիչների նման Երանուհի Ասլամազյանն էլ ազատ տիրապետում է գունանկարի բոլոր ժանրերին` թեմատիկ պատկեր, դիմանկար, բնանկար, այլ, բայց թերևս նրա կոմպոզիցիոն և գունանկարչական տաղանդն առանձնապես վառ և բազմազան ի հայտ է գալիս նատյուրմորտներում:
Թեմատիկ կտավներն իրենց դեկորատիվ կառուցվածքով մոնումենտալ պաննո են հիշեցնում. օժտված են էպիկական հիմքով, բայց միաժամանակ, գրեթե միշտ, այդ կտավներում նկարչուհուն բնորոշ քնարական ենթատեքստն է առկա:
Երանուհի Ասլամազյանի բնանկարն ավելի լակոնիկ է, գույներն առավել պայմանական են, հղացումը` մոնումենտալ: Բնանկարի հղացման մեջ հեղինակը մեծ ուշադրություն է դարձնում տարածության կառուցմանը, որը նրան օգնում է մի առանձին վեհության ու կշռի հասնելու լեռնաշխարհի կերպարը բացահայտելիս: Իսկ երբ այդ կերպարը զուգորդվում է մարդկային կերպարների հետ, գերիշխող դառնում է հոգեկերտվածքի առանձնահատկություններն ընդգծելու՝ նկարչի նախասիրությունը:
Թանգարանի էքսպոզիցիայում ցուցադրվում է <<Երազներ>> կտավը. կերպարները զարմանալի վարպետությամբ են մոտենում դիտողին, այնքան, որ զրուցելու, ծանոթանալու ցանկություն է առաջանում:
Ընդհանուր առմամբ՝ Երանուհի Ասլամազյանի աշխատանքներն ուշագրավ և հետաքրքիր են ոչ միայն հեղինակի տաղանդի շռայլ դրսևորմամբ, այլև այն բանով, որ յուրովի են արտահայտում Հայաստանի բնության և ժողովրդի ինքնատիպ բնավորության մեջ օբյեկտիվորեն առկա շատ ու շատ հատկանիշներ:
Լուսինե Սահակյան

Комментариев нет:

Отправить комментарий

 Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեկնարկել է «Տարվա եղանակներ» խորագրով կրթական ծրագիրը: Յուրաքանչյուր եղանակային ամիսների կներկայացվեն համ...