четверг, 9 ноября 2017 г.

ԳՈՒՅՆԻ ՈՒ ԽՈՀԻ ԵԶՐԱԳԾԻՆ


Վերջերս կերպարվեստի թանգարանում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի 65-ամյա հոբելյանին: Վանաձորցի արվեստասերն առաջին անգամ չէ, որ հնարավորություն ունի հաղորդակցվելու նրա աշխատանքներին և հիանալու դրանցով: Արվեստում նրա ունեցած անսահման ազատությունն է թերևս պատճառը, որ Ավետյանը կերպարվեստի մի քանի ոճերի, ուղղությունների համադրությամբ ստեղծում է գործեր, որոնք ակնդրին գրավում են պարունակած հրաշքի ու յուրօրինակ կշռի տարողությամբ և զարդարում են աշխարհի շատ ինտերյերներ: Ավետյանը սինթեզում է կոփածո արվեստն (մետաղադրվագում) ու գունանկարը, գունազարդում է մետաղը և զարմանալու ու հիանալու չափ ներդաշնակ կարողանում է խոսեցնել մետաղը, քարը, հայելին, գույնը: Բոլորովին էլ տարօրինակ չէ, որ նրա ստեղծագործությունները դիտելիս դժվար է զատորոշել գերիշխող տեխնիկան. նրա արվեստը բազմիցս բնորոշվել է որպես ռելիեֆային գեղանկարչություն (բնորոշումը բխում է օգտագործված նյութերի` մետաղ, հայելի, հրաբխային օբսիդիան և այլն, ստեղծած ծավալայնությունից, սակայն կարծում ենք՝ այս բնորոշումը ամբողջական արտահայտությունը չէ ավետյանական ձեռքբերումների): Իր արվեստի լավագույն բնորոշումներից մեկը, եթե ոչ լավագույնը, տվել է հենց ինքը՝ արվեստագետը. §Արարում եմ՝ ինչպես կամենում եմ, ինչ կամենում եմ և ինչով կամենում եմ: Սիրում եմ գույնը, ձևը, գիծը, ծավալը, ֆակտուրան: Չեմ հարում որևէ ոճի, բնույթի, ուղղվածության: Նյութերի բազմազանությունը և ամենօրյա փորձարկումներն իմ տարերքն են: Ես երջանիկ եմ: Ես ազատ եմ արվեստում¦:
Ցուցահանդեսից ցուցահանդես Ավետյանի արվեստի երկրպագուները համոզվում են, որ արվեստագետն անընդհատ նորի որոնումների մեջ է: Նա երբեք կանգ չի առնում որևէ կետում, ձեռքբերվածը երբևէ բավարար ու վերջնական չի համարում, անընդհատ փորձարարություններ է անում, որոնց արդյունքում ստացվում են գեղագիտական բարձր արժեքայնությամբ ստեղծագործություններ, որոնք պատիվ կարող են բերել և բերում են աշխարհի շատ ցուցասրահների և հավաքածուների:
Անատոլի Ավետյանը ստեղծում է առինքնող դիմանկարներ, որոնցում յուրօրինակ պատկերասրահ են կազմում կանայք` նռներով, ականջօղով, հովհարով, հայելու առաջ, սրճարանում, սև գլխարկով, անվանակոչված և անանուն... Կնոջ կերպարը նրա արվեստում բացահայտվում է իբրև բնության կատարելություն, իբրև ինքնին հրաշքի դրսևորում, որին առանձնահատուկ հմայք են հաղորդում օբսիդիանից աչքերը: Ի դեպ, մետաղի վրա հեղինակը գունանյութերով սկսել է աշխատել 1985 թվականից` ստեղծելով գունային ինքնօրինակ համադրություններ ու օքսիմորոններ: Հետաքրքրական է, որ օբսիդիան քարն օգտագործում է բնական վիճակում, անմշակ, և այն առավելապես արդյունավետ է, երբ անհրաժեշտ է ստանալ աչքերի արտահայտչականությունը:
Ավետյանի ստեղծած կանայք հիմնականում աչքի են ընկնում դեմքի խաղաղ, անվրդով, ազնվական արտահայտությամբ, ընդգծված սլացիկ պարանոցներով, ալիքավոր, երկար վարսերով ու հատկապես հայկականության խորհուրդն անդրադարձնող նշաձև աչքերով: Կնոջ կերպարը բացառիկ հմայք է ձեռք բերում, երբ արարվում է իբրև Աստվածամայր, որին հնարավոր չէ մոտենալ առանց քրիստոնե սիրով ու գթասրտությամբ ներշնչված լինելու և կամ էլ առանց հոգու մեջ բարբառվող աղոթքի:  Աստվածամոր կերպարին Ավետյանն անդրադարձել է բազմաթիվ անգամներ, ստեղծագործական տարբեր շրջաններում: Այս ցուցահանդեսում ներկայացված է Տիրամոր կերպարի ավետյանական մեկնության երեք դրսևորում, որոնք խաղաղ, լուսավոր էներգիա են ճառագում: Սուրբգրային թեմային անդրադարձը Աստվածամոր պատկերով չի սահմանափակվում: Պատկերել է գինեգործության սկզբնավորումը երկրագնդի վրա և առաջին գինեգործին՝ Նոյին: Հետաքրքիր գործերից է §Նոյի պարը¦:
Նրա ստեղծագործություններում մարդն է՝ ամենատարբեր հոգեվիճակներով: Ներկայացված բոլոր դիմանկարները կերպարային լուծումների մեջ են:
Արվեստագետը անխառն գծերով, առանց ավելորդ արդուզարդի, ստեղծել է իր ժամանակակցի, իր արվեստագետ, մտավորական ընկերների դիմանկարները` շարքը վերնագրելով «Իմ ժամանակակիցը»: Դեռևս տարիներ առաջ ստեղծված շարքը հեղինակն ամբողջությամբ նվիրաբերել է Վանաձորի կերպարվեստի թանգարանին: Սինթեզվել են դիմանկարն ու պատկերվողի արտահայտած միտքը, գրառումը կամ բանաստեղծությունը:
Արվեստագետի մտքի թռիչքն անկասելի է §1915¦ կոչվող աշխատանքում. նկարի տարածական հարթությունը երկգույն է՝ սևի ու կարմիրի հակադրությամբ. Արարատների գեղարվեստական տարածության մեջ պատկերվում է խաչյալ ժողովուրդը՝ դեպի երկինք պարզած ձեռքի մեջ ամբարած ողբերգի ցավով:  
§Ռեքվիեմ¦§Կոմիտաս¦§Անլռելի զանգակատուն¦§Փախստականներ¦§Սրբացում¦ և այլ աշխատանքներ վերակերտում են 20-րդ դարասկիզբը՝ բնորոշ գունային գամմայով: §Աղոթող հրեշտակներ¦ գործում իբրև ստեղծագործական ակունք նկատելի է հայկական մանրանկարչությունը:
Ցուցահանդեսում ներկայացված եռանկարներից §Հայաստանն¦ առանձնանում է իմաստային խորքով. մեջտեղում բացվում է Արարատների ուրվագիծը պատկերող տեսարան՝ կամրջելով անցյալն ու ապագայի տեսլականը: Հայրենիքի թեմային Ավետյանն անդրադարձել է բազմաթիվ աշխատանքներում՝ §Սևան¦§Արարատ¦§Արագած¦§Իմ Հայաստան¦§Կարմիր լեռներ¦§Լոռու բնանկար¦§Մեր լեռները¦, այլ:
Գրեթե բոլոր աշխատանքներում առկա են թե՛ գունային, թե՛ իմաստային որոշակի խորհրդանիշներ, որոնք թույլ են տալիս խորամուխ լինելու թեմայի ամբողջականության մեջ: Այդպիսի խորհրդանիշ-դետալներ են արքայական ծիրանին ու մանուշակագույնը, հայկական կարպետը, նուռը, խաղողը, եկեղեցին, ծառը: §Իմ Հայաստան¦ գործում պատկերվում է փյունիկ թռչունն՝ իբրև վերածնված երկրի հավերժելու խորհրդանիշ:
Այնուհանդերձ, թյուր կարծիք չստեղծվի, թե Ավետյանի արվեստը սիմվոլիզմի արվեստ է. նրա ստեղծագործությունը ռեալիզմի ու աբստրակցիոնիզմի կրողն է, իսկ հայ կերպարվեստում Անատոլի Ավետյանի ստեղծած հիացնող սինթեզի ճշգրիտ անվանումը դեռևս կհստակեցնի ժամանակը:
Լուսինե Սահակյան
Աղբյուրը՝  Ասպարեզ


Комментариев нет:

Отправить комментарий

 Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեկնարկել է «Տարվա եղանակներ» խորագրով կրթական ծրագիրը: Յուրաքանչյուր եղանակային ամիսների կներկայացվեն համ...