четверг, 9 ноября 2017 г.

ԲԱԶՄԱՇԱՎԻՂ ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ՆԵՐԿԱՊՆԱԿ


Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացված աշնանային ավանդական  §Բազմաշավիղ¦ ցուցահանդեսն աչքի է ընկնում նկարչական սերունդների բազմազանությամբ: Մասնակցում են 47 արվեստագետներ՝ շուրջ 100 աշխատանքներով: 
Արվեստագետի աշխատանքի հետ ամեն մի նոր հանդիպում դրանք նախորդների հետ զուգահեռելու և առաջընթացով ուրախանալու հնարավորություն է տալիս: 
Սա հատկապես կարևորվում է ժամանակի հարահոսում արվեստագետի ստեղծագործության մեջ ի հայտ եկած նորին հաղորդվելու առումով: Այս տեսանկյունից ցուցադրությունն իսկապես ասելիք ունի. առանձին նկարիչներ աչքի են ընկնում թե՛ կատարողական վարպետության, թե՛ մտածողության առաջընթացի առումով: Իսկապես, բազմաշավիղ է վանաձորցի արվեստագետի ստեղծագործությունը: Իրական աշխարհի յուրաքանչյուր մասնիկ ստացել է գեղարվեստական համազոր արժեք՝ դառնալով արվեստի գեղագիտական ըմբռնման ու հոգու արտացոլանք: Ցուցահանդեսն էլ բազմաժանր է՝ գեղանկար, գծանկար, բատիկա, կոլաժ, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ:
Ավագ սերնդի ներկայացուցիչները՝ Արամ Նազարյան, Փափագ Ալոյան, Ռոբերտ Հեքիմյան, հաստատուն են իրենց ներաշխարհին ու գեղանկարչական հավատամքին, որն էլ ինքնարտահայտման հենք է դառնում կտավներում:
Բարդ ու հակասական, ճշմարիտ արվեստի հետ քիչ հաղորդակցվողի համար բավականին դժվարամարս է շարունակում մնալ Ա. Նազարյան արվեստագետի ներաշխարհը: Նրա կտավները դիտելիս առաջինը հենց այս միտքն է ծնվում, և բացառություն չէ նաև այս ցուցահանդեսին ներկայացված աշխատանքը. կնոջ կերպարի ընկալման և վերարտադրման նազարյանական մեկնակետը շարունակում է մնալ դիցաբանականը:
Փ. Ալոյանի ոգեշնչման աղբյուրը հայկական բնաշխարհն է: Նրա՝ իմպրեսիոնիզմի գեղանկարչական տիրույթում ստեղծված կտավները գունային ու կատարողական լուծումներով միմյանց մեջ ագուցված, թվում է՝ միմյանց շարունակող օղակների կուռ ու ամբողջական շղթա են կազմում՝ լույսի ու գույնի ներդաշնակ, խաղացկուն համադրումներով: 
Կտավներն աստիճանաբար կլանում են դիտողին, ներքաշում խոհերի ու հույզերի աշխարհ:
Հանդարտ, լուսավոր խաղաղություն կա Ռոբերտ Հեքիմյանի աշխատանքներում. գրեթե լսելի է երաժշտությունը:
Վաղամեռիկ գեղանկարիչ Ռաֆայել Ասլանյանի հարթաքանդակն /քանդակագործ՝ Սարգիս Ղարիբյան/  աչքի է զարնում կերպարային ու կոմպոզիցիոն հաջողված լուծումներով:
Ինքն իրեն հոգեհարազատ է շարունակում մնալ Արսեն Ռաֆայելյանը՝ կապույտի երանգների մշուշոտ ու թաց անցումներով:
Ստեղծագործական լուրջ փոփոխություն է կրում Սամվել Խառատյանի ձեռագիրը՝ թե՛ գունային, թե՛ թեմատիկ առումներով: Իբրև ասվածի հավաստում՝ նշելի է §Գորդյան հանգույց¦  կտավը, որտեղ աչքի դետալն իմաստային խորքով է հատկանշվում:
Արա Ղևոնդյանի գեղանկարչական աշխարհը գրեթե անփոփոխ է. լուսավոր բարություն է ճառագում:
Ինչպես նշվեց, բազմաժանր ցուցահանդես է, որտեղ գրաֆիկական ուրույն ձևով, գծի բարձր կուլտուրայով ու մեթոդներով են ներկայացել Բոգդան Հովհաննիսյանն ու Նարեկ Խաչատրյանը, իսկ Արտակ Մկրտչյանը գրաֆիկայից գրեթե անցել է գեղանկարչության տիրույթ: Կատարողական վարպետությամբ և դեկորատիվ հետաքրքիր մոտեցումներով կատարված գոբելեն է ներկայացրել Վազգեն Ղաբուզյանը:
Ինչ-որ տարօրինակ որոնումների մեջ է երիտասարդ նկարիչ Տարոն Մարուքյանը. թե՛ գունային անցումները, թե՛ պատկերված կամ ուրվագծվող ֆիգուրները դժվարամարս մետամորֆոզներ են ստեղծում:
Գունային նուրբ անցումներով բնանկարներ է ներկայացրել Տարոն Սահարյանը:
Սյուրռեալիզմին բնորոշ մտածելակերպով ու ձեռագրով է հանդես եկել Պետրոս Հովսեփյանը: Պատկերված կերպարը երկատված է բարու ու չարի միջև. սա այն հավերժական հակադրաեզրերից է, որոնք ստեղծվել են աշխարհաստեղծման օրվանից սկսած: Նկարիչը խնդրին մի քիչ այլ լուծում է տվել. ընկալվող բարին միայն բարի չէ, ընկալվող չարը՝ միայն չար. ժամանակ առ ժամանակ այս ծայրաբևեռները փոխներթափանցվում են:
Գեղանկարչական մտածողությամբ ու արվեստին անմնացորդ նվիրվածությամբ գործընկերներին չեն զիջում նաև նկարչուհիները: Նրանց աշխատանքները ցուցահանդեսին քնարական երանգ ու շունչ են հաղորդում: 
Շարունակում են պարզ ու բնական մնալ Մարիամ Ամիրխանյանի կտավները: Զգացվում է նկարչուհու նուրբ ձեռագիրը: Իրականության արտացոլման յուրատիպ ձև ունի՝ մեղմ, հանդարտ գույներով:
Արփինե Հովհաննիսյանն, ինչպես միշտ, արվեստասերներին ներկայացել է կոլորիտային սահուն մտածողությամբ, նյութի ճիշտ օգտագործմամբ:
Կարինե Գլոյանի բատիկաներն այս անգամ ևս աչքի են ընկնում գեղարվեստական կերպի, աչքի զարնող երանգախաղերի ընտրությամբ:  
Ողջունելի է Մարգո Մանասյանի նվիրվածությունն ասեղնագործ աշխատանքներին, որոնք ցուցահանդեսից ցուցահանդես դառնում են առավել գունագեղ ու պրոֆեսիոնալ. ձեռագործերից ջերմություն է ճառագում:
Գունային համադրություններով ու հակադրություններով, կատարողական հետաքրքիր լուծումներով իր նախորդ աշխատանքներից շահեկանորեն տարբերվող ստեղծագործություններ է  ներկայացրել Զեմֆիրա Մոսինյանը, իսկ Ալլա Գրիգորյանի գեղանկարներն աչքի են ընկնում կատարողական գունային հակադրություններով:
Երիտասարդ նկարիչների աշխատանքներն առանձնանում են մտածողության յուրօրինակ, էքսպերիմենտալ դրսևորումներով: Եթե ավագների համար նշեցինք, որ նրանք հաստատուն են իրենց գեղագիտական հավատամքին, ապա երիտասարդները դեռևս որոնումների մեջ են, սակայն գովելի և բնական է, երբ այդ որոնումները սկիզբ են առնում արվեստագետի ներաշխարհից:
ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուրը՝ Ասպարեզ

Комментариев нет:

Отправить комментарий

 Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեկնարկել է «Տարվա եղանակներ» խորագրով կրթական ծրագիրը: Յուրաքանչյուր եղանակային ամիսների կներկայացվեն համ...