ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻՆ ԿԱՐՈՏԻ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ
Մի օր ես հայրենիք կվերադառնամ, սակայն միայն այն ժամանակ,
երբ
ամուր կանգնած
կլինեմ ոտքերիս
վրա,
որպեսզի փառաբանեմ
հայրենիքս:
Արշիլ Գորկի
Համաստեղ Հայաստան
երթալու է.
այդ հայ հողի ծաղիկներով
հորինված երանգապնակն
ունեցող թանկագին
արվեստագետը պետք չէ
ձգել,
որ Ամերիկայի
գործարաններուն մուխին մեջ
դժգունի.
Հայաստան է իր
տեղը…
Արշակ Չոպանյան
Զարմանալի
նման են սեփական կամքից անկախ և կամ էլ այլոց հրեշավոր ցանկությամբ ու ծրագրով աշխարհի տարբեր ծագերում հայտնված հայ արվեստագետների զգացողությունները, զարմանալի
անպարագիծ` նրանց կարոտը: Զարմանալի, բայց թերևս օրինաչափ է այն, որ այդ անպարագիծ իրողությունը
մի օր հաստատապես
դառնում է արվեստի մեջ դրսևորվող
երևույթ: Այսպես, Կարոտի գրականությունը հայ գրի մեջ իր յուրօրինակ
տեղն է զբաղեցնում
արտահայտած գաղափարներով, հայրենանվեր
կարոտի ու երազանքի հաճախ տեսլական դրսևորումներով, մանկուրտ չդառնալու
պատասխանատվությամբ ու ենթագիտակցական պարտավորվածությամբ: Հայ գրականության
այս հատվածը պատշաճ ուսումնասիրված է և այսօր էլ գրականագետների կողմից ուսումնասիրվում է ըստ հարկի, մինչդեռ բոլորովին
այլ է գեղանկարչության դեպքում, որի վերաբերմամբ
ասելիք կա, և ուշադիր ուսումնասիրողը կարող է շրջանառել §Կարոտի գեղանկարչություն¦ եզրույթը:
Եթե Կարոտի գրականությունը ձևավորվեց 1921-ին Ամերիկայում
հրատարակված Համաստեղի §Շեն գյուղի հին օրերեն¦ առաջին պատմվածքով
և իր վախճանը գտավ Պոլսում 1978-ին` Հակոբ Մնձուրու մահով, ապա Կարոտի գեղանկարչության
սկզբնավորումը եղավ նույն Ամերիկայում: Այս երկիրը չէր սիրում, բայց ճակատագրի հրամայականով
այստեղ ապրեց ու իր մահկանացուն
կնքեց զարմանալի նկարիչը, որ կոչված էր եվրոպական
մակարդակի բարձրացնելու ամերիկյան
գեղանկարչության ձեռքբերումները: Գորկին նկարիչ էր, ու նրա չափազանց զգայուն կյանքում անվերահսկելի շրջադարձային եղան նկարել չկարողանալը` կապված առողջական
վիճակի հետ, և ընտանեկան-բարոյական նորմերի խաթարումները: 1948-ին նկարչի ինքնասպանությունը հոգեբանական
հասունացման այն աստիճանն է, որից հետո է պարզվում նրա իրական դիմապատկերը. մինչ այդ Արշիլ Գորկի Ոստանիկ Մանուկ Ադոյանը ամերիկյան
գեղանկարչության ընդամենը մեկ մասնիկն էր, սակայն արդեն հետո` 1967-ին, ֆրանսիական մամուլում
պիտի աներկբա փաստվի, թե հենց նրա շնորհիվ ամերիկյան
գեղանկարչությունը վերաճեց եվրոպական
աստիճանի: Նրան համարում են աբստրակտ էքսպրեսիոնիզմի նախահայրերից
ամերիկյան գեղանկարչության մեջ, ու նրա արվեստը Ամերիկայում գլխավորել
է մոդեռնիզմը` ուղենշելով
ամերիկյան կերպարվեստի հետագա զարգացումները, վստահ, որ արվեստի մեջ պիտի գյուտ և ներդաշնություն լինի:
1904-ի ապրիլի 22-ին Խորգոմում
Սեդրակ և Շուշան ծնողներից ծնված Ոստանիկը 1915-ին մազապուրծ հասել է Երևան, 1919-ին տեղափոխվել
Թիֆլիս, ապա` ԱՄՆ, բախվել առաջին խոչընդոտներին, թե հայն Ամերիկայում
չի կարող նկարիչ դառնալ, ապա ստիպված ապրել է` իր համար փրկօղակ կեղծ անցյալ ստեղծելով, 1926-ին ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական
դպրոցը, որտեղ դասավանդել է 5 տարի: Սկզբնական շրջանում, ինչպես հայտնի է, Գորկին կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասոյի արվեստների ազդեցությունը, բայց կարողացել
է հաղթահարել` ստեղծելով
իր ոճն ու դպրոցը: Գորկու վերաբերմամբ հավաստի կարող է լինել Սարոյանի ինքնադիտարկումը. նրա արվեստը հիմքում խորապես ներծծված է ազգային գեղանկարչական ավանդույթով, ազգային մտածողության
առանձնահատկություններով:
Ազգային ռոմանտիզմի ու ռեալիզմի, աբստրահարված
վրձնահարվածների մեջ կարելի է կարդալ և կամ էլ վերապրել զգայական այն հզոր ու հարուստ աշխարհը, որը կարող է ամբողջացվել
թերևս միայն և միայն կարոտ բնորոշումով:
Բազմիցս անդրադարձ է արվել Արշիլ Գորկու արվեստին, մասնավորաբար` խնդրո առարկա հարցի շրջանակում խոսվել է §Նկարիչը և իր մայրը¦ երկու կտավների մասին: Ուսումնասիրողներն անդրադարձել
են այն փաստին, որ Գորկին մոր ձեռքերը չի նկարել, և բերել են տարբեր ենթադրություններ ու պատճառաբանություններ: Կարոտի մեկնակետից
եթե դիտելու լինենք նշված կտավները, պարզապես կարող ենք փաստել, որ թերևս ճշմարիտ է արվեստաբանների այն դիտարկումը, թե չի կարողացել
հաղորդել մոր ձեռքերի ջերմությունը (կարծիք կա նաև, որ չի կարողացել ստեղծել տվյալ հատվածի կառուցվածքային ամբողջականությունը, որի հետ միարժեքորեն համամիտ չենք): Այստեղ հոգեբանական լուրջ խնդիր կա: Ձեռքերը հոգեբանական տարողություն
են կրում իրենց մեջ: Ձեռքերը տրամադրության հաղորդիչ են ուղղակի կամ անուղղակի
դրսևորումներով ու լուծումներով: Գորկին չի պատկերում մոր ձեռքերը. այլ կերպ ասած` նա չի գնում մորից հաղորդվող ջերմության
և կամ էլ, որ ավելի հավանական է, ցավի մասնավորեցման, և դրամատիկ ապրումը դառնում է ընդհանրական ապրում. մասնավորեցվող ցավն ընդամենը անհատի դրամա է, մինչդեռ պատկերված
իրողությունը գեղարվեստական վավերագրումն
է ցեղասպանություն երևույթի, գույնի ու ձևի պայմանականությամբ ստեղծված այն ցավն է, որի դեմ §Աստված գլխարկ է հանում¦ (Ռազմիկ Պողոսյան): Գորկու արարած Շուշան մոր կերպարը հայ երկրի համար մտահոգ բոլոր մայրերի քույր-երկվորյակն
է: Մոր դեմքին զարմանալի
հանդարտություն կա, և սա կարելի է կարդալ նաև որպես աստվածահաճո և կամ էլ աստվածավայել ներումի դրսևորում: Պատահական չէ, որ այս կտավը համեմատվել
է Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու Աստվածամոր որմնանկարի հետ:
Ցավի մասնավորեցման չի գնում նաև Համաստեղը` §Գանկի մը հետ¦ պատմվածքում: Եվ երևույթի անկողմնակալ պատկերումը
դառնում է ժամանակի ու միջավայրի սթափ (որքան էլ անհնար է) գնահատման ու արժևորման չափանիշ:
Մի առիթով Գորկին նշել է. §Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր,
որ
կարծես
ծառն
էի
բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու¦: Սա կարոտի առարկայացած դրսևորում
է: Ուժգին է զգայական դաշտի լարվածությունը, և վստահաբար
հենց այդ պատճառով է հայրենի երկրի խորհրդանիշ
ծիրանը զարմանալի անուշ բուրում արևմտյան քաղաքակրթության §գործարաններուն մուխին մեջ¦:
Եթե Համաստեղի վերաբերմամբ
Չոպանյանն ասում էր, թե այդ §հայ հողի ծաղիկներով հորինված երանգապնակն ունեցող թանկագին արվեստագետը պետք չէ ձգել,
որ
Ամերիկայի գործարաններուն մուխին մեջ դժգունի¦, ապա Արշիլ Գորկու վերաբերմամբ
այսօրինակ դիտարկումներն անգամ ուշացած կարող են թվալ. Ամերիկան մինչև վերջին նյարդը քամեց արվեստագետին:
Համաստեղն
իր եզակի ու տաք աշխարհն էր ստեղծել Ամերիկայում` իր Խարբերդի, իր Փերչենճի մի կտորը, Գորկին ամբողջ կյանքում մենակության
կրողը մնաց անգամ ընկերների ու հարազատների միջավայրում. ընկերները նախանձում
էին նրա փառքին, շատերը թիկունք էին դարձնում, ու ինքն էլ կարոտ էր աշխարհում
ամենահարազատ մարդկանց` դուստրերի հետ անհրաժեշտ շփումին: Կարո՞ղ է արարել ամբողջ կյանքում միայնություն զգացող մարդը, արվեստագետը, կարո՞ղ է ստեղծել ժամանակների հիշողության
մեջ իրենց հաստատուն
տեղն ունեցող գործեր… Գորկու վերաբերմամբ
վստահաբար կարող ենք փաստել` այո, որովհետև նրա համար ոգեշնչումի
ազնիվ ակունք էին հեռվում մնացած երկրից բերած հուշերը` բնությունն
ու պատմական կոթողները, ժողովրդի մեջ ամրագրված սովորույթները, Վանի այգիներն ու ալիքները, ժողովրդի պատմական ու գենետիկական հիշողությունը, որոնք անդավաճան
եղան մնացյալ ամբողջ կյանքի համար: Կարոտեց ու արարեց` կտավին ու հաջորդող ժամանակին հանձնելով
իր ներաշխարհի տարողությունը: Անգամ ենթադրել չէր կարող, որ հոգուց պոկված աշխատանքների
մի մասը Քոնեքթիքուտի
իր արվեստանոցում մոխրանալու
ճակատագրին է արժանանալու, մյուս մասը ենթարկվելու է ավիաաղետի` նաև այդպես մնալով ժամանակի հիշողության
մեջ: Արշիլ Գորկին ստեղծագործեց նաև դրանից հետո. կարոտը լռեցնել հնարավոր չէ: Իսկ գուցե մանկուց նա արդեն դիմադրողականությո՞ւն ուներ, գուցե հենց հայրենի բնաշխա՞րհն էր նրա մեջ ձևավորել չընկրկող բնավորությունը. երեխա ժամանակ փայտիկով նկարել էր Վանի ավազների վրա, ու հետո… հետո ալիքը տարել էր հոգու մի կտորը…
Նրա կտավների վերնագրերն
արդեն իսկ Կարոտի գեղանկարչության արտահայտություն են` §Այգիներ Խորգոմում¦ (1938, այժմ կտավը կրում է §Այգիներ Սոչիում¦ վերնագիրը), §Ծաղկավետ ջրաղացի ջրերը¦ (1944), §Ինչպես է մորս ասեղնագործ
գոգնոցը բացվում իմ կյանքում¦ (1944), §Արորը և երգը¦ (Խորգոմի սարերին նվիրված նկարաշար, 1944-1947), այլ: Նրա կտավները ցուցադրելու պատիվն ունեն աշխարհի շատ թանգարաններ: Մեր հիշած §Նկարիչը և իր մայրը¦ կտավի առաջին տարբերակն այժմ գտնվում է Նյու Յորքի Ուիթնի թանգարանում. թվագրվում է 1926-1936 թ.թ.: Երկրորդ տարբերակը, որտեղ պատկերված կերպարներն
ավելի հասուն են, թվագրվում է 1926-1942 թ.թ. և գտնվում է Վաշինգտոնի
ազգային պատկերասրահում:
Այս աշխատանքներն իրարից մի քանի դետալներով են տարբերվում ընդամենը, և մեր գնահատմամբ` տղայի կերպարը ժամանակի մեջ շտկել է կարողացել մեջքը, ուղղել ոտքերը: Եթե հիշում ենք, Գորկին Հայաստան պիտի վերադառնար, երբ ամուր կանգնած լիներ ոտքերի վրա. և սա, անշուշտ, ընկալվել կարող է երկու իմաստով…
ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Վանաձորի կերպարվեստի թանգարանի գիտաշխատող
Комментариев нет:
Отправить комментарий