Մորիս Կանտեն դե Լատուր
1704-1788
Ֆրանսիացի նշանավոր նկարիչ, պաստելի վարպետ, 18-րդ դարի անվանի դիմանկարիչներից մեկը: Նկարում էր ինչպես մոնումենտալ դիմանկարներ, որոնցում բնորդը պատկերված էր ամբողջ հասակով մեկ, այնպես էլ կամերային դիմանկարներ` մինչև գոտկատեղը:
Սովորաբար կատարում էր արքայի, թագավորական ընտանիքի, հարուստ բուրժուազիայի պատվերները, նաև` գրական, գեղարվեստական ու թատերական շրջանակների ներկայացուցիչների դիմանկարները: Նկարչի գեղարվեստական ժառանգությունն հաշվվում է ավելի քան 1200 ստեղծագործություններ: Սովորել է Սեն Կանտենում, այնուհետ` Փարիզում` Կ. Դյուպշուայի, Ժ. Սպուդի և Ժ Ռեստուի մոտ: 1737թ. Լատուրն ընդունվում է Թագավորական գեղանկարչության ու քանդակագործրության ակադեմիան, և սկսած այդ ժամանակից, պարբերաբար ցուցադրվում Փարիզյան Սալոնում:
19 տարեկանում հաստատվում է Փարիզում: Մի քանի տարի անց, արժանանալով ֆրանսիական արքունիքում անգլիական դեսպանի բարեհոգությանը, նրա հետ մեկնում է Եգիպտոս, իսկ Փարիզ վերադառնում է բավականին ունեցվածքով ու պատվավոր «անգլիացի գեղանկարչի» համբավով:
Որոշ ժամանակ զբաղվում է ինքնակատարելագործմամբ, և պաստելի բնագավառում հասանում այնպիսի վարպետության, որին դեռ չէր հասել իր ժամանակակիցներից և ոչ մեկը: 1746թ. դառնում է Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1750թ.արժանանում թագավորական նկարչի կոչմանն ու իրավունք ստանում նկարելու Լյուդովիկոս 15-րդի ֆավորիտ մարկիզա դե Պոմպադուրի դիմանկարը, որը ցուցադրվում է 1755թ. փարիզյան Սալոնում: Անվանի մարդկանց դիմանկարներում դե Լատուրը սովորաբար դիմում էր իդեալականացմանը և ընդգծում էր դիմանկարվողի սոցիալական բարձր ծագումը: Ի տարբերություն դրան, ընկերների ու մտերիմների դիմանկարներն արված են ջերմությամբ և առանձնանում են ավելի շատ բուռն պատկերման եղանակով («Քանդակագործ Ռենե Ֆրեմենի դիմանկարը», «Շարդենի դիմանկարը»...):
Հետաքրքիր են դե Լատուրի ինքնադիմանկարների այսպես կոչված «շտուդիաները», որոնք զարմացնում են վիրտուոզ տեխնիկայով, երևակայությամբ ու գյուտարարությամբ («Ինքնադիմանկար ցուցամատով»): Լատուրը շատ էր ուսումնասիրում մարդկային դեմքը և հաճախ այն պատկերում էր առանձին, առանց որևէ կոնտեքստի, դիմակի պես:
Խորաթափանց ու նրբանկատ նկարիչը կարողանում էր փոխացնել ոչ միայն բնորդի արտաքինի ինքնօրինակ անհատականությունը, այլև նրա բնավորությունը, զգայական վիճակը: Հրաշալիորեն պատկերել է միմիկան, աչքերի կենդանի փայլը և ընդգծված ժպիտը: Վաղ աշխատանքներին բնորոշ է կենցաղային պատմողականությունը, հասուն տարիքում Լատուրը ձգտում է պարզության, խստության, ընդհանրացվածության: Նկարչի արվեստի անբաժանելի մասն են կազմում այսպես կոչված preparations` նախապատրաստական էսքիզները, որոնք իրենց ձևային ու կերպարային ամբողջականությամբ ինքնուրույն գեղարվեստական արժեք ունեն:
Ժամանակակիցները նշում են, որ Լատուրը բնորդներին ստիպում էր ժամերով դիրք ընդունել, նշանակում էր բազմանգամյա սեանսներ, այդ իսկ պատճառով անհամբեր պատվիրատուները նախընտրում էին դիմել Նատտյեին, ով բավականին արագ էր նկարում: Հպարտ, անկախ ու չխոնարհվող Լատուրը ստիպում էր իր հարուստ մեցենատներին հարգել աշխատանքը և նկարչի արժանապատվությունը: Հայտնի է, որ իր պաստելների համար մեծ գումար էր պահանջում` ասելով, որ «հարուստները պետք է վճարեն նաև աղքատների փոխարեն»: Իսկ ինքը հաճախ մեծ գումարներ էր փոխանցում իր հարազատ քաղաքին` Սեն Կանտենին` բարեգործական նպատակներով` աղքատ մայրերին, ծեր արհեստավորներին, նկարչության անվճար դպրոցին, որին էլ ժառանգում է իր ստեղծագործությունների մեծ մասը:
Комментариев нет:
Отправить комментарий