Պրիմիտիվ արվեստը (լատիներեն primitivus – առաջին, ամենավաղ)
19-20-րդ դդ ոչ պրոֆեսիոնալ նկարիչների արվեստի ընդհանուր անվանումն է: Այն առանձնանում
է իր պարզությամբ, հստակությամբ ու ձևական անմիջականությամբ: Քանի որ ռուսերենում պրիմիտիվ
բառը բացսական նշանակություն ունի, Ռուսաստանում տարածվեց նրա մեկ այլ անվանում` նաիվ
արվեստ:
Մոզես տատիկն ամերիկյան պրիմիտիվիզմի ակնառու ներկայացուցիրներից
է (իսկական անունը` Աննա Մերի Մոզես)
1860-1961
Մարդկային կյանքի ամենամեծ ուրախություններից մեկն այն բանի
գիտակցությունն է, որ գտել ես քո տեղը, այն աշխատանքը, որը հենց քեզ համար է և որին
տրվում ես ամբողջ հոգով: Երջանիկ են այն մարդիկ, ովքեր ամբողջությամբ ձուլվում են իրենց
աշխատանքին և այդ ընթացքում չես կարող հասկանալ` որտեղ է վերջանում աշխատանքը, որտեղ
սկսվում հաճույքը:
Երբ Մոզես տատիկը դեռ երեխա էր ֆերմերների ընտանիքից, երազում
էր նկարել, բայց հարազատներն ու ընկերները համոզում էին, որ դա հիմարություն է: Պնդում
էին, որ նա պետք է ամուսնանա ֆերմերի հետ ու զբաղվի երեխաների դաստիարակությամբ: Արդյունքում`
Աննան հետևում է նրանց խորհրդին ու հրաժարվում իր երազանքից: 70 տարեկան էր, երբ կորցնում
է ամուսնուն: Երեխաներն արդեն մեծ էին և իրենց երեխաներին էին մեծացնում: Բժշկի պնդումը,
որ առողջությունը թույլ չի տա այլևս զբաղվել ֆերմայի գորեծորվ, Աննային հուսահատության
գիրկն է նետում: Եվ հենց այդ ժամանակ էլ որոշում է վերադառնալ մանկական երազանքին`
նկարել: Աննան նկարում էր ու նվիրում հարազատներին, ովքեր ժպիտով էին ընդունում հասարակ,
ծեր կնոջ նվերը: Բայց տեղի է ունենում անկանխատեսելին. ծանոթ դեղատներից մեկում կախված
նկարը գրավում է հայտնի հավաքորդ Լուիս Կալդորի ուշադրությունը: Իմանալով տատիկի բնակության
տեղը, առանց ժամանակ կորցնելու գտնում է նրան ու 200 դոլարով գնում 14 կտավ` հեռանալուց
առաջ խոստանալով, որ նրան հատնի է դարձնելու:
Հասարակությանը զարմացնում էր ոչ այնքան նրա նկարները, որքան
ինքը` նկարչուհին, ում լրագրողները կոչում էին Մոզես տատիկ: Նա առաջին անգամ վրձին
է վերցնում իր ձեռքը այն տարիքում, երբ այլև կյանքից սպասելիքներ չեն լինում. սկսնակ
նկարչուհին 75 տարեկան էր: Իր առաջին նկարը Մոզես տատիկն ավարտում է 78 տարեկանում:
Արդեն 80 տարեկանում Մոզես տատիկը իր առաջին ցուցահանդեսն է բացում, իսկ 101 տարեկանում
նյույորքյան հայտնի պատկերասրահներից մեկը կազմակերպում է նրա աշխատանքների վերնիսաժը:
Վերջին 10 տարիների ընթացքում ստեղծված գործերը վաճառվում են ավելի քան 100.000 դոլարով
յուրաքանչյուրը: Հետաքրքիրն այն էր, որ Աննային մանկուց ասում էին, որ գեղանկարչությամբ
զբաղվելն անիմաստ է, քանի որ շատ թանկ հաճույք է, բայց պարզվեց, որ ընդամենը մեկ տարվա
ընթացքում նա իր նկարներով վաստակեց ավելին, քանի ամուսնու հետ ամբողջ կյանքի ընթացքում:
Նրա ծննդյան օրերը տոնվում էին «TIME» , «LIFE» հայտնի ամսագրերում,
իսկ հարյուրամյակը Նյու Յորքի նահանգի համընդհանուր տոնախմբությունը դարձավ: Նահանգապետ
Նելսոն Ռոքֆելլերը1960թ. սեպտեմբերի 7-ը հայտարարում է «Մոզես տատիկի օր»: Նախագահ
Թրումենը անձամբ հրավեր է ուղարկում Սպիտակ տուն:
Նույնիսկ ինքնագովազդի մեծ վարպետ Էնդի Ուորխոլը չէր կարող
պարծենալ հասարակության նման ուշադրությամբ: Մոզեսը առանց որևէ ջանքի դարձավ 20-րդ
դարի ամենահայտնի ամերիկացի նկարչուհին: Նրա նկարները տպագրվում են դրոշմանիշների,
բացիկների, սպասքի վրա: 1950թ. նրա մասին փաստագրական ֆիլմ է նկարվում և ներկայացվում
Օսկարի: 1952թ. լույս է տեսնում նրա ինքնակենսագրականը:
Մի քննադատ նրա մասին գրել է. «Նրա նկարների հրապույրը այնպիսի
կյանքի պատկերման մեջ է, որի գոյությանը ամերիկացիներն այնքան հավատում են, բայց որն
իրականում չկա»:
Մոզեսի գյուղական պաստորալները, ամերիկացի ֆերմերների կյանքի
գեղեցկությունը, իրավամբ արժանի են արվեստի պատմության մեջ տեղ ունենալ: